
2025թ․ հունվարի 1-ից Շրջանառության հարկի համակարգում իրականացվել են որոշ փոփոխություններ, համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» օրենքի։
Փոփոխությունները վերաբերում են հարկման կարգերին, դրույքաչափերին, ինչպես նաև գործունեության փաստաթղթավորման գործընթացին, որոնց նպատակն է նվազեցնել վարչական ծախսերը, ինչպես նաև մի շարք այլ բարեփոխումներ։
Ի՞նչ է շրջանառության հարկը և դրա հաշվարկի կարգը
Շրջանառության հարկը պետական բյուջե վճարվող՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է։ Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Անհատ ձեռնարկատերերի համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
Սույն օրենքով տեղի է ունեցել երկու սկզբունքային փոփոխություն՝ հարկի դրույքաչափերը ավելացել են, բայց միևնույն ժամանակ նվազել է վճարման ենթակա նվազագույն հարկի դրույքաչաձը։ Երկրորդ առանցքային փոփոխությամբ թույլ է տրվում բացի առևտրական գործունեությամբ զբաղվող ընկերություններից այլ գործունեությամբ զբաղվող ընկերություններին ևս ծախսագրել գործունեության հետ կապված ծախսերը։
Հարկման ենթակա գործարքների վրա կիրառվում են շրջանառության հարկի տարբեր դրույքաչափեր՝ կախված եկամտի տեսակից։
Շրջանառության հարկի և հարակից բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական աջակցության համար դիմեք Alpha Accounting-ին:
Եկամտի տեսակը | Դրույքաչափ | Նվազեցման դրույքաչափ | Նվազագույն դրույքաչափ | |
1 | Առևտրական գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ որոշ դեպքերի | 10% | 9.5% | 1% |
2 | Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ | 5% | – | – |
3 | Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ | 15% | – | – |
4 | Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ | 7% | 5% | 3.5% |
5 | Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի | 10% | – | – |
6 | Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ | 12% | 9% | 3.5% |
7 | Այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ (Հանրային սննդի ոլորտ) | 20% | – | – |
8 | Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ | 1% | – | – |
9 | Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ | 10% | – | – |
10 | Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ | 10% | 6% | 4.5% |
Շրջանառության հարկի հաշվարկի առանցքային կետերը
- Եթե 1-ին տեսակով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ը:
- Եթե 4-րդ տեսակով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3 %-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3 %-ը:
- Եթե 6-րդ տեսակով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5 %-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5 %-ը:
- Եթե 10-րդ տեսակով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է տվյալ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 %-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 %-ը:
- Եթե հանրային սննդի գործունեությունը իրականացվում է Երևան քաղաքի տարածքից դուրս, ապա այս օրենքի դրույթները ուժի մեջ կմտնեն միայն 2026 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչ այդ՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, կիրառվելու են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները։
Շրջանառության հարկի նվազեցվող ծախսերը
Շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ որոշ ծախսերի), առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեկ այլ փոփոխությամբ էլ 2025 թ. հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխելու է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ և շահութահարկ):
Այդ ոլորտների թվում են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, մասնագիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն:
Եթե ցանկանում եք իմանալ թե ինչպես կատարել շրջանառության հարկի հաշվարկ և ինչպես լրացնել շրջանառության հարկի հաշվետվությունը, դիմեք մեզ կամ Ստացեք Գնառաջարկ։
Ուշադրություն։ Տվյալ հոդվածը ներկայացված է միայն ընդհանուր տեղեկատվության նպատակով և վերաբերում է միայն 21.04.2025թ․ դրությամբ հարկային համակարգում կատարված փոփոխություններին։ Այն չի ընդգրկում 21.04.2025թ․ հետո կատարված կամ նախատեսվող որևէ փոփոխություն և ամբողջական չէ։ Լրացուցիչ և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք մեզ՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։