
Բիզնեսի կայացման և զարգացման գործընթացում չափազանց կարևոր է հարկային հաշվառման ճիշտ վարումը։ Հարկային հաշվառումը կանոնակարգով օրենսդրության առանձնահատկությունների իմացությունը, կնպաստի նաև տարանջատել ֆինանսական ծախսերը հարկային առումով նվազեցվող և չնվազեցվող ծախսերի։ Այսպիսի դասակարգման ճիշտ կիրառումը կարևոր է ցանկացած բիզնեսի համար նախևառաջ այն պատճառով, որ կնպաստի հարկային պարտավորությունների ճիշտ հայտարարագրմանը։ Հակառակ պարագայում ընկերությունը կարող է ունենալ ֆինասական կորուստներ, մի դեպքում ավել հայտարարագրած հարկերի տեսքով, մյուս դեպքում պակաս հայտարարագրած հարկերի վրա հաշվարկված տույժ ու տուգանքների տեսքով։
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք հարկային տեսանկյունից նվազեցվող և չնվազեցվող ծախսերի էությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համատեքստում։
Հարկային առումով նվազեցվող և չնվազեցվող ծախսեր
Նվազեցվող ծախսեր
Նվազեցվող են համարվում այն ծախսերը, որոնք կարող են պակասեցվել Ձեր հարկվող եկամտից՝ անմիջապես նվազեցնելով Ձեր շահութահարկի հաշվարկային բազան և, որպես հետևանք, նվազեցնել վճարման ենթակա հարկի չափը։ Սա ուղղակիորեն նպաստում է Ձեր հարկային բեռի օպտիմալացմանը։
Չնվազեցվող ծախսեր
Չնվազեցվող ծախսը այն ծախսն է, որը չի կարելի հանել հարկվող եկամտից։ Թեև այն հաշվառվում է որպես ծախս Ձեր ներքին ֆինանսական հաշվառման մեջ, այն հարկային դաշտում չի դիտարկվում որպես հարկային բազան նվազեցնող գործոն։ Այսինքն՝ Դուք չեք կարող նվազեցնել Ձեր հարկերը դրա հաշվին։
Օրինակներից են ընկերության միջոցներով կատարված անձնական գնումները, անհատույց տրամադրված ծառայությունները կամ ապրանքները աշխատակիցներին, առանց պատշաճ փաստաթղթավորման կատարված գործարքները և այլն։
Մաքասիմալացրեք Ձեր հարկային խնայողությունները
Ինչպե՞ս ճիշտ կատարել ծախսերի նվազեցումը
Ծախսերի ճիշտ նվազեցումը ոչ միայն օգնում է խնայել միջոցներ, այլև պաշտպանում է Ձեր բիզնեսը հարկային ռիսկերից։ Ահա հիմնական քայլերը.
- Տարանջատեք բիզնես և անձնական ծախսերը։ Միայն այն ծախսերն է հնարավոր նվազեցնել, որոնք ուղղակիորեն առնչվում են Ձեր բիզնես գործունեությանը։
- Ապահովեք փաստաթղթային հիմք։ Պահպանեք ՀԴՄ-կտրոնները, հաշիվ-ապրանքագրերը, պայմանագրերը և բանկային փոխանցումների կտրոնները։ Առանց պատշաճ փաստաթղթավորման ծախսերը չեն ճանաչվի որպես նվազեցվող։
- Վարեք հաշվապահական հաշվառում։ Ծախսերի մանրամասն գրանցումը ամսաթվերով, նպատակներով և մեկնաբանություններով ապահովում է թափանցիկություն և ճշգրտություն։
- Հետևեք օրենսդրական կարգավորումներին և փոփոխություններին։ Հարկային օրենսդրությունը մշտապես փոփոխվում է։ Պարբերաբար ստուգեք պաշտոնական կայքերը կամ դիմեք հարկային խորհրդատվական ընկերություններին՝ վերջին փոփոխություններին տեղյակ լինելու համար։
- Խորհրդակցեք մասնագետի հետ։ Փորձառու հաշվապահը կամ հարկային խորհրդատուն կօգնի Ձեզ խուսափել սխալներից և հասնել առավելագույն հարկային արդյունավետության։
Որո՞նք են սխալ հաշվառման հետևանքները
Սխալ հաշվառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավական առումով։ Բիզնեսի հաշվապահական գրանցումների ճշգրտությունը հիմնարար է, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի հարկային պարտավորությունների, ֆինանսական հաշվետվությունների կազմման, բիզնեսի կայունության և վստահելիության վրա։
Սխալ հաշվառման արդյունքում առաջացող հիմնական հետևանքներն են՝
- Հարկային տույժեր և տուգանքներ,
- Ավելորդ հարկման ռիսկեր,
- Դժվարություններ վարկի կամ ներդրումների ներգրավման հարցում,
- Ոչ հավաստի բիզնես վերլուծություն,
- Վճարունակության խնդիրներ և այլն։
Մեր փորձառու մասնագետները ապահովում են ճշգրիտ հարկային հաշվառում՝ նվազեցնելով հարկային ռիսկերը։
10 գնում, որոնց հարկային տեսանկյունից դասակարգումը կարող էիք չիմանալ։
Նվազեցվող գնումներ
Ստորև թվարկված նվազեվող գնումների մեծ մասը հաճախ չեն օգտագործում որպես նվազեցում։
- Առցանց ծառայությունների բաժանորդագրություններ։ Facebook, Google, Slack, Canva, Notion և այլն. եթե այս ծառայություններն օգտագործվում են մասնագիտական կամ բիզնես նպատակով, դրանք ամբողջությամբ կարող են ներառվել որպես ծախս՝ հարկային նվազեցման նպատակով, իհարկե պայմանով, որ համապատասխան փաստաթղթային հիմնավորումն առկա է։
- Աշխատակիցների վերապատրաստման ծախսեր։ Ձեր թիմի համար կազմակերպված դասընթացները կամ գնված կրթական նյութերը ոչ միայն բարձրացնում են աշխատակիցների որակավորումը, այլև կարող են զգալիորեն նվազեցնել Ձեր հարկային բեռը, պայմանով, որ տվյալ վերապատրաստման ծրագիրը համընկնում է աշխատակցի մասնագիտական ոլորտի հետ։
- Փոստային և առաքման ծառայություններ։ FedEx, DHL, HayPost: Եթե ձեր բիզնեսը ապրանքներ է առաքում հաճախորդներին կամ ստանում, դրանք ամբողջությամբ կարելի է ներառել որպես բիզնես ծախս կամ ապրանքի ինքնարժեքի մաս՝ հարկերից նվազեցնելու նպատակով։
- Ապահովագրական ծախսեր։ Որպես գործատու հանդես գալու դեպքում իր վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրական վճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով կարող են նվազեցվել։
- Ներկայացուցչական ծախսեր։ Ընկերությունները կարող են նվազեցնել ներկայացուցչական նպատակներով կատարված ծախսերը, որոնք չեն գերազանցում հարկային տարվա համախառն եկամտի 0.5 %-ը կամ հինգ միլիոն դրամը։
Չնվազեցվող գնումներ
Ստորև թվարկված են 5 չնվազեվող գնումներ, որոնք հաճախ սխալմամբ ընդգրկվում են որպես ծախսեր։
- Գործուղման ծախսեր (սահմանված շեմը գերազանցող մասը)։ Շահութահարկ վճարողի հարկման բազան հաշվարկելիս գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է ՀՀ տարածքից դուրս գործուղումների դեպքում՝ համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի 5%-ը, չի ճանաչվում նվազեցվող։ Նման ծախսերը կարող են ներառել օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային և ժամանակավոր գրանցման հետ կապված այլ ծախսեր։Պետական գրանցման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 5 %-ի սահմանափակումը հաշվի չի առնվում.
Ինչպես նաև չի ճանաչվում նվազեցվող ՀՀ տարածքից դուրս աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 %-ը գերազանցող մասը:
Թեմայի մանրամասն ըմբռնման համար նպատակահարմար է ուսումնասիրել համապատասխան օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև գործուղումների վերաբերյալ ՀՀ կառավարության № 2335-Ն որոշումը։
- Վարձակալված հիմնական միջոցների և/կամ ոչ նյութական ակտիվներ։ Շահութահարկ վճարողի կողմից վարձակալված հիմնական միջոցների և/կամ ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները չեն ճանաչվում նվազեցվող այն դեպքերում, երբ այդ ակտիվները անհատույց (կամ ավելի նվազ արժեքով) տրամադրվում են այլ հարկ վճարողների՝ օգտագործման համար։
- Տոկոսային ծախսեր։ Վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկված տոկոսների գումարների (այդ թվում՝ լիզինգի պայմանագրերով հաշվարկվող տոկոսների) այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, չի ճանաչվում որպես նվազեցվող ծախս։Տվյալ սահմանաչափը համեմատվում է առանձին-առանձին՝ ըստ յուրաքանչյուր վարկի կամ փոխառության պայմանների։ Ինչպես նաև այն տոկոսային ծախսերի մասը, որոնք հաշվարկվում են ոչ բանկային կամ վարկային կազմակերպություններից ներգրավված փոխառությունների գծով և հարկային տարվա արդյունքներով գերազանցում են շահութահարկ վճարողի սեփական կապիտալի կրկնապատիկը (հարկային տարվա վերջին օրվա դրությամբ), չի ճանաչվում որպես հարկով նվազեցվող ծախս։
- Ֆիզիկական անձանց աջակցման ծախսեր։ Ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և նմանատիպ այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25%-ը, չի ճանաչվում որպես նվազեցվող ծախս։ Հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում այդ ծախսերը չեն նվազեցվում, եթե գերազանցում են այդ տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 1%-ը։
- Տույժերը, տուգանքները։ Հարկային պարտավորությունների ուշացման արդյունքում առաջացած տույժերը, տուգանքները չեն ճանաչվում որպես նվազեցվող ծախս։ Տվյալ կետը չի տարածվում պայմանագրային պարտավորությունների շրջանակներում առաջացող տույժերի և տուգանքների վրա։
Եզրակացություն։
Բիզնեսի հաջող գործունեության կարևոր նախապայմաններից է ոչ միայն արդյունավետ ֆինանսական կառավարումը, այլև հարկային հաշվառման ճիշտ և գրագետ իրականացումը։ Նվազեցվող և չնվազեցվող ծախսերի տարբերակումը միայն հաշվապահական պահանջ չէ՝ դա գործիք է, որն ուղիղ ազդում է Ձեր կազմակերպության հարկային բեռի, ֆինանսական արդյունքների և օրինականության վրա։
Այս հոդվածում վերլուծեցինք այնպիսի գործարքներ և ծախսեր, որոնց հարկային դասակարգումը հաճախ մնում է անտեսված կամ սխալ մեկնաբանված։ Գործնականում ճիշտ տարբերակումն ու կիրառումը թույլ են տալիս խուսափել ավելորդ հարկային վճարումներից, կանխել տույժերի և տուգանքների առաջացումը և ապահովել բիզնեսի կայուն զարգացումը։
Ուստի՝ մշտապես հետևեք օրենսդրական փոփոխություններին, ապահովեք թափանցիկ փաստաթղթավորում և, հնարավորության դեպքում, խորհրդակցեք փորձառու մասնագետների հետ։ Այդ կերպ Դուք կկարողանաք ոչ միայն նվազեցնել հարկերը օրինական եղանակով, այլև բարձրացնել Ձեր բիզնեսի ֆինանսական հուսալիությունն ու ներդրումային գրավչությունը։
Ուշադրությու՛ն։ Այս հոդվածը նախատեսված է բացառապես ընդհանուր տեղեկատվական նպատակով և հիմնված է ՀՀ հարկային օրենսդրության այն դրույթների վրա, որոնք ուժի մեջ են 2025 թ. հուլիսի 9-ի դրությամբ։ Այն չի ներառում այդ ամսաթվից հետո կատարված կամ նախատեսվող փոփոխությունները և չի համարվում ամբողջական իրավական կամ հարկային խորհրդատվություն։
Հաշվի առնելով հարկային օրենսդրության հաճախակի փոփոխվող բնույթը, խնդրում ենք հարկային կամ ֆինանսական որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ։ Լրացուցիչ պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեր թիմի հետ։