
ՀՀ գործող ցանկացած բիզնեսի համար չափազանց կարևոր է գործել հաշվապահական հաշվառման սահմանված կանոնների շրջանակում։ Որակյալ հաշվապահական մոտեցումները ոչ միայն ապահովում են իրավական պահանջներին համապատասխանություն, այլև նպաստում են կազմակերպության ֆինանսների ավելի արդյունավետ կառավարմանը։
Հաշվապահությունը բիզնես գործընթացում հատկապես կարևոր է այն ընկերությունների համար, որոնք նոր են մուտք գործել հայկական շուկա կամ ունեն օտարերկրյա հիմնադիրներ։ Այս բիզնեսներն ի սկզբանե կարող են լիարժեք ծանոթ չլինել ՀՀ հարկային օրենսդրությանը և գործող կարգավորումներին։
Տեղական օրենսդրությունը սահմանում է հստակ կանոններ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթերի վարումից մինչև արժանահավատ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում՝ օրենքով նախատեսված ժամկետներում։ Այս պահանջների անտեսումը կարող է հանգեցնել ոչ միայն տուգանքների, այլև հարկային մարմինների՝ մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուշադրության կենտրոնում հայտնվելու վտանգի։ Այդ իսկ պատճառով հաշվապահական հաշվառման մեջ սխալների տեսակները ճանաչելը ոչ միայն կարևոր է այլ նաև պարտադիր։
Հաշվապահական հաշվառման սխալներ, որ առավել տարածում են գտել։
Պարբերական հաշվապահական գրանցումների բացակայություն
Սխալը։ Հաճախ բիզնեսներում հաշվապահական գրառումները կատարվում են միայն ամսվա կամ նույնիսկ տարվա վերջին, ինչը հաճախ հանգեցնում է սխալների, մասնավորապես Հարկային պարտավորությունների թերհայտարարագրման, հաշվացման ենթակա ԱԱՀ-ի սխալ հաշվառման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սխալ հաշվառման և այլն։
Ինչպես խուսափել։ Նվազեցնել հաշվապահական հաշվառման սխալները՝ վարելով հաշվառումը շաբաթական հիմքով (բայց ամենօրյա գրանցումը, սակայն, առավել ցանկալի է): Հնարավորության դեպքում օգտվել հաշվապահական ծրագրերից կամ դիմել տեղական պրոֆեսիոնալ մասնագետների, որ փորձառու են և տիրապետում են ՀՀ հարկային օրենսդրությանը և հաշվետվությունների ներկայացման պահանջներին։
Պաշտպանեք ձեր բիզնեսը հաշվապահական սխալներից
Ծախսերի սխալ դասակարգում
Սխալը։ Ծախսերի սխալ դասակարգումը հաշվապահական հաշվառման մեջ բավական տարածված երևույթ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կազմակերպության համար։ Այն կարող է հանգեցնել ֆինանսական հաշվետվությունների և հարկային հաշվարկների խեղաթյուրման, որը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության, ՀՀ ՊԵԿ կողմից տույժերի և տուգան առաջադրման։
Հաշվապահական հաշվառման կարևորությունը փոքր բիզնեսի համար կայանում է նրանում, որ ծախսերի ճիշտ դասակարգումը և արդյունավետ նվազեցումը կարևոր դեր ունեն կազմակերպության հարկային բեռի նվազեցնման և ֆինանսական կայունությունն ապահովելու գործում։
Ինչպես խուսափել։ ՀՀ օրենսդրությանը և բիզնես միջավայրին հարմարեցված և որակյալ հաշվապահական ծրագրերի օգտագործում և ծախսերի դասակարգման հստակ քաղաքականության սահմանում, որոնք ունեն ավտոմատացված դասակարգման գործիքներ։ Հաշվապահական անձնակազմի պարբերական ուսուցումը և վերապատրաստումը, նորագույն հարկային և հաշվապահական կանոնակարգերի վերաբերյալ կօգնի նվազեցնել սխալների հավանականությունը։
Բարդ կամ ոչ ստանդարտ գործարքների դեպքում օգտվել փորձառու հաշվապահների կամ հարկային խորհրդատուների աջակցությունից, ովքեր մատուցում են հաշվապահական ծառայություններ։
Հարկային ժամկետների անտեսում
Սխալը։ Հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետների անտեսումը կամ ուշացումները վարչական պատասխանատվություն կարող են առաջացնել կազմակերպության համար՝ ներառյալ տուգանքներ, տույժեր։ Ժամանակին չկատարված հարկային պարտավորությունները կարող են վնասել ընկերության բիզնես համբավը, խաթարել նրա ֆինանսական կայունությունը և հանգեցնել վերահսկիչ մարմինների խստացված վերահսկողության։
Ինչպես խուսափել։ Սահմանել հարկային պարտավորությունների կատարման հստակ օրացուցային ժամանակացույց՝ հաշվի առնելով բոլոր գործող հարկատեսակները և դրանց ներկայացման ժամկետները։
Օգտագործել հաշվապահական ծրագրեր, որոնք ավտոմատ կերպով կհիշեցնեն ժամկետների մոտենալու մասին։ Պատրաստ լինել հնարավոր տեխնիկական կամ այլ խափանումներին՝ հաշվետվությունները նախապես պատրաստելով և ունենալով պահուստային պլան։
Ամսական կամ եռամսյակային վերահսկողական ստուգումներ անցկացնել՝ համոզվելու համար, որ բոլոր հարկային պարտավորությունները ճիշտ և ժամանակին կատարվել են։ Բացի այդ անհրաժեշտ է մշտապես հետևել հարկային օրենսգրքում տեղի ունեցող փոփոխություններին, որևէ վերջնաժամկետի փոփոխություն բաց չթողնելու համար։
Ուշադիր եղեք հաշվապահությանը և խնայեք գումար
Անձնական և բիզնեսի ֆինանսների համատեղում
Սխալը։ Անձնական և բիզնեսի ֆինանսների չտարանջատման պրակտիկան տարածված սխալ է, հատկապես փոքր բիզնեսների և անհատ ձեռնարկատերերի շրջանում։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝
- Ֆինանսական հաշվետվությունների ոչ ճշգրիտ կազմման,
- Հարկային սխալների և տուգանքների,
- Դժվարությունների՝ բիզնեսի իրական շահույթը և ծախսերը պարզելու հարցում,
- Կորպորատիվ պատասխանատվության ու անձնական ռիսկերի չտարանջատման։
Ինչպես խուսափել։ Անհատ ձեռնարկատերերի դեպքում անհրաժեշտ է բացել առանձին բանկային հաշիվ բիզնեսի համար, որում կարտացոլվեն միայն բիզնեսին վերաբերող բանկային գործարքները, ինչը հնարավորություն կտա տարանջատելու բիզնեսին վերաբերող ծախսերը։
Անձնական ծախսերի չտարանջատումը բիզնես ծախսերից կարող են հանգեցնել հարկային պարտավորությունների թերհայտարարագրման, երբեմն առաջացնել լրացուցիչ հարկային բեռ։
Օգտագործել հաշվապահական ծառայություն, քանի որ պրոֆեսիոնալ մասնագետի ներգրավումը կօգնի պահպանել «ֆինանսական կարգապահություն» և խուսափել սխալներից։
Բանկային հաշիվների պարբերական չհամաձայնեցումը հաշվապահական գրանցումների հետ
Սխալը։ Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսներ անտեսում են բանկային հաշիվների և հաշվապահական գրանցումների պարբերական համեմատումը։ Սա կարող է հանգեցնել սխալների կուտակման, ինչպես նաև չնկատված գործարքների, կորած գումարների կամ նույնիսկ խարդախությունների ժամանակին չբացահայտմանը:
Բանկային հաշիվը չհամեմատելը հաշվապահական գրքույկների հետ, կարող է պատճառ դառնալ հաշվապահական գրանցումներում բացթողումների, ինչի հետևանքով կազմակերպությունը կարող է չունենալ իրական պատկեր իր ֆինանսական վիճակի մասին։ Սա կարող է հանգեցնել հարկային հաշվարկների սխալ ներկայացմանը, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սխալ կառավարմանը, կրկնակի վճարումների և այլն։
Ինչպես խուսափել։ Ներդնել գործընթաց, որով յուրաքանչյուր բանկային գործարքից հետո պարտադիր կերպով կատարվում է բանկային հաշիվների և հաշվապահական տվյալների համեմատություն։ Այս գործառույթը պետք է դառնա ֆիքսված աշխատանքային օրացույցի մաս։ Ներքին կամ արտաքին աուդիտի միջոցով ստուգել, թե արդյոք համաձայնեցումները պատշաճ կերպով իրականացվում են և արդյոք կան անճշտություններ։
Հաշվապահական հաշվառման սխալների կանխարգելումը փոքր բիզնեսի ֆինանսական կայունության և երկարաժամկետ հաջողության համար առանցքային է: Մշտապես պահպանելով ճիշտ հաշվապահական պրակտիկաները, կարող եք խուսափել մեծ խնդիրներից և ապահովել ձեր ընկերության արդյունավետ գործունեություն ՀՀ-ում։
Եզրակացություն
Հաշվապահությունը բիզնես գործընթացում ոչ միայն գործիք է՝ ՀՀ հարկային օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար, այլ նաև կարևոր հիմք է կազմակերպության արդյունավետ կառավարման և ժամանակին որոշումներ կայացնելու համար։
Ուշադրություն։ Այս հոդվածը չի համարվում հարկային կամ հաշվապահական խորհրդատվություն։ Հոդվածը պատրաստված է գործող օրենսդրության և Ընկերության պրակտիկայի հիման վրա: Ավելի մանրամասն և համապարփակ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ մասնագիտական խորհրդատվության համար: